Միխայիլ Զադորնովին կհուղարկավորեն Լատվիայում
Հայտնի գրող, երգիծաբան Միխայիլ Զադորնովին կհուղարկավորեն Լատվիայում։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այդ մասին գրել է հումորիստի ընտանիքը՝ նրա ВКонтакте սոցցանցի պաշտոնական էջում։
«Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նրա կյանքի ծանր ժամանակահատվածում աջակցել են նրան։ Միխայիլի ցանկությամբ նա կհուղարկավորվի Լատվիայում, որտեղ ծնվել է։ Ամսաթվի ու ժամի մասին կհաղորդենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հումորիստի հարազատները նաև խնդրել են նրա մահվան շուրջ ավելորդ աղմուկ չբարձրացնել։
Միխայիլ Զադորնովը կյանքից հեռացել է նոյեմբերի 10-ին, 69 տարեկանում, գլխուղեղի քաղցկեղից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրված հումորիստի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել, ինչի պատճառով 2016 թվականի վերջին նրան վիրահատել են:
Հոկտեմբերի վերջին գրող-երգիծաբան Սեմյոն Ալտովը, խոսելով Զադորնովի առողջական վիճակի մասին, ասել էր՝ «Ամեն ինչ շատ վատ է»:
Նշենք, որ Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948թ.՝ Յուրմալա քաղաքում: Նա լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային ելույթների ու մոնոլոգների շնորհիվ: Զադորնովը հեղինակել է բազմաթիվ երգիծական ժողովածուներ («Այս խենթ, խենթ, խենթ աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան»):











