Ֆրանսիայի նախագահը, առաջին տիկինն ու ևս 1 մլն ֆրանսիացի վերջին հրաժեշտն են տվել Ջոնի Հոլիդեյին (լուսանկարներ, տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է աշխարհահռչակ ֆրանսիացի ռոք երաժիշտ Ջոնի Հոլիդեյի հոգեհանգստի արարողությունը, ինչի կապակցությամբ աստղին վերջին հրաժեշտը տալու համար փողոց է դուրս եկել մեկ միլիոն ֆրանսիացի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանց շարքում են եղել նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը:
Հայտնի է, որ 74-ամյա աստղը, որին հաճախ անվանում էին «Ֆրանսիայի Էլվիս Փրեսլի», մահացել է դեկտեմբերի 6-ին՝ թոքերի քաղցկեղից:
Կեսօրին սպիտակ դագաղով նրա աճյունը բերվել է Հաղթական կամարի մոտ, որտեղից էլ 700 մոտոցիկլավարների ուղեկցությամբ տարվել է Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր փողոցով:
«Ջոնի Հոլիդեյը մեր մի մասնիկն էր: Նա ավելին էր, քան պարզապես երգիչ, նա Ֆրանսիայի մասնիկն էր: Այսօր մենք այստեղ ենք հավաքվել նրա համար, նրան շնորհակալություն հայտնելու համար, եկեք ծափահարենք պարոն Ջոնի Հոլիդեյին»,-եկեղեցու մոտ ելույթում ասել է 39-ամյա Մակրոնը, որն, ի դեպ, Հոլիդեյի երկրպագուներից էր:
Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել նաև նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոնի Հոլիդեյին հուղարկավորելու են դեկտեմբերի 11-ին՝ Կարիբյան ծովում գտնվող ֆրանսիական Սենտ Բարթս կղզում:
Հավելենք, որ կենդանության օրոք լեգենդար երգիչը վաճառել է 100 մլն-ից ավելի ձայնասկանավառակ: Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը ՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել է 1943 թ․ հունիսի 15-ին Փարիզում, բելգիացու ու ֆրանսուհու ընտանիքում: Իր կարիերայի ընթացքում նա կատարել Է ավելի քան 400 շրջագայություն, որոնք 15 միլիոնից ավելի հանդիսականների են հավաքել: Մինչև 2005 թվականը վաճառվել էր նրա շուրջ 80 մլն սկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմներ դարձել են պլատինե: Նա նաև գրել է ֆիլմերի երաժշտություն:
Հոլիդեյը 1965-ին ամուսնացել է հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանի հետ, որի հետ ապրել է մինչև 1980 թ։ 1966 թ․ ծնվել է զույգի որդին՝ Դևիդը։





























