«Океан Эльзы» խմբի առաջատար Վակարչուկը կոչ է արել համերկրացիներին «Ուկրաինան դարձնել մեր երազանքների երկիրը» (տեսանյութ)
Ուկրաինական հանրահայտ «Океан Эльзы» խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նա հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին և թվարկել է պետության բարեփոխման համար առանցքային կետերը, փոխանցում է korrespondent.net-ը։
Նա նշել է, որ իշխանությունն իրեն չի հետաքրքրում, սակայն նա անտարբեր ու անմասն չի մնա երկրում տեղի ունեցող գործընթացներից։ Ըստ Վակարչուկի՝ գլխավոր պատասխանատուն, սակայն, քաղաքական գործիչներն են։
«Ես երբեք չեմ հայտարարել նախագահի պաշտոնին հավակնությունների մասին։ Ես չեմ պատրաստվում դա անել նաև այսօր»,- հայտնել է երաժիշտը։
Նա ընդգծել է, որ «չի տվել ոչ մի խոստում քաղաքական գործիչներին կամ գործարարներին», և նրան ոչ ոք չի ֆինանսավորում։
«Ես բացարձակապես ինքնուրույն, ինքնաբավ և ֆինանսապես անկախ մարդ եմ»,- ասել է Վակարչուկը։
Երաժիշտն ընդգծել է, որ ժամանակակից եվրոպական պետությունը պետք է կառուցվի երեք հիմնասյուների վրա՝ իրավունքի գերակայության, պետական որակյալ ապարատի և ժողովրդավարության։ Նրա կարծիքով՝ առաջին երկու հիմնասյուներն Ուկրաինայում «հիմնովին փտել են», և դրանք պետք է անհապաղ կառուցել։
Նա թվել է 10 հիմնական քայլ, որոնք, ըստ նրա, կարող են փոխել Ուկրաինան դեպի լավը։ Դրանց թվում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պետական ծառայության արդյունավետ բարեփոխումը, Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխումը, ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն։
Երաժիշտը կոչ է արել բոլորին կիսվել մտքերով ու առաջարկներով՝ «ինչպես Ուկրաինան դարձնել մեր երազանքների երկիրը»։










