Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հաստատել է կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի դիզայներական նախագիծը
Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը քվերակությամբ հաստատել է կենտրոնում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի դիզայնի նախագիծը, հայտնում է Asbarez-ը՝ նկատելով, որ սա կարևոր քայլ է պատմական նախագծի իրականացման հարցում:
Հայտնի է, որ ապագա թանգարանի դիզայնը մշակվել է Գլենդեյլի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերություն համագործակցության շրջանակում: Ըստ նախագծի՝ թանգարանը լինելու է հիմնովին ձևափոխվելիք Կենտրոնական այգու տարածքում:
«Միայն պատկերացրեք՝ ինչ ենք կառուցելու ապագա Գլենդեյլի համար: Սա մի հրաշալի նախագիծ է լինելու բոլորիս համար: Այն հարատև ժառանգություն կլինի»,-նշել է թանգարանի ճարտարապետ Արամ Ալաջաջյանը:
Նշենք, որ կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:
Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր 2017-2018թթ. նահանգային բյուջեի մասին փաստաթուղթը, համաձայն որի իշխանությունները 3 մլն դոլար են հատկացնելու Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին: Նշվում է, որ գումարը կհատկացվի գալիք 3 տարվա ընթացքում:










