Սալմա Հայեքը պատմել է Վայնշտեյնի անպատշաճ առաջարկները մերժելուց հետո նրանից ստացած սպանության սպառնալիքի մասին (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սալմա Հայեքը, համալրել է այն կանանց շարքը, որոնք մեղադրել են Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հայեքը պատմել է, որ Վայնշտեյնը մոտ 10 տարի հետապնդել է իրեն, փորձել սեռական ոտնձգություններ անել ու անպատշաճ առաջարկներ է արել: Հոլիվուդյան գեղեցկուհու խոսքով՝ ինքը 10 տարի ստիպված է եղել մերժել պրոդյուսերի՝ իր հետ լոգանք ընդունելու, մերսում անելու, իր աչքի առաջ մեկ այլ կնոջ հետ հարաբերություն ունենալու մասին անվերջանալի առաջարկները:

Իսկ երբ Հայեքը նկարահանվելիս է եղել հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին կենսագրական ֆիլմի գլխավոր դերում, Վայնշտեյնը նրան ասել է, որ թույլ չի տա ֆիլմի թողարկումը, եթե դրանում Հայեքի մասնակցությամբ լեսբիական սեքս-տեսարան չլինի:

«Այդ օրը նկարահանման հրապարակում մարմինս ցնցվում էր, ես անդադար արտասվում էի, բայց ոչ նրա համար, որ մերկանալու եմ մեկ այլ կնոջ առաջ, այլ նրա, որ դա անելու եմ Վայնշտեյնի համար: Այն ժամանակ ես չէի կարող այդ մասին ոչ ոքի պատմել: Նա գիտեր, որ Ֆրիդան իմ երազած ֆիլմն էր, ու երբ գիտակցեց, որ հանուն այդ դերի չեմ պատրաստվում իր հետ անկողին մտնել, ասաց, որ այդ դերի համար ուրիշ դերասանուհի է գտել»,-պատմել է հոլիվուդյան աստղը:
Ի վերջո, աստղը, անցնելով բազմաթիվ խոչընդոտների միջով, հասել է իր նպատակին: Ֆիլմը թողարկվել է, մեծ հաջողություն ունեցել, արժանացել մի քանի «Օսկար» մրցանակի:

«Իսկ մի անգամ էլ նա այնքան զայրացավ, որ սպառնաց սպանել ինձ: «Ես քեզ կսպանեմ, մի՞թե կասկածում ես, որ կարող եմ նման բան անել»»,-Վայնշտեյնի խոսքը մեջբերելով՝ վերհիշել է դերասանուհին:

«Հույս ունեմ, որ պատմությունս բարձրաձայնելուց հետո կկարողանանք հասկանալ, թե ինչու է այսքան դժվար սրա մասին խոսելը և թե ինչու են մեզնից շատերն այսքան երկար համբերել խոստովանելու համար»,-ասել է դերասանուհին:










