Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա փոխանցվել է վրաց պատրիարքարանին, Վիրահայոց թեմը կդիմի դատարան

15:05 • 23.12.17

Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ կա եկեղեցու հայկական լինելու մասին: Հոդվածում ասվում է, որ «այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եկեղեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։ 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցել է Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի հետ:

- Տիկի՛ն Խաչատրյան, Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին: Բազմաթիվ արձանագրություններ կան, անգամ եկեղեցու ներսում գրություն է պահպանվել, որ այն հայկական եկեղեցի է: Ինչի՞ հիման վրա է եկեղեցին փոխանցվել վրաց պատրիարքարանին:

-Ընթացիկ տարվա ապրիլ ամսին պատիրարքարանի քարտուղար Բոթքովելին պատրիարքարանի անունից դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման գործակալություն Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու համար: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական: Այնինչ այդպես չի եղել, այդ կողմերում, այդ վայրում եղել է վրացական եկեղեցի, բայց ոչ Թանդոյանցը: Այդ կեղծ փաստաթղթի հիման վրա Վրաստանի պետռեգիստրը այդ եկեղեցին փոխանցել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն: Մենք բանավոր հանդիպումներ ենք ունեցել պատրիարքարանում, կառավարությունում, խորհրդարանում, այս հարցերը բարձրացել ենք, բացի դա նամակներ ենք գրել, բայց առայժմ միայն Հուշարձանների պաշտպանության գործակալության ղեկավարն է մեզ պատասխանել, թե իբր իր պատասխանած նամակում ինքը նկատի չի ունեցել Թանդոյանց եկեղեցին, այլ նշել է, որ այդ հասցեում եղել է եկեղեցի:

-Այժմ փաստորեն եկեղեցին վրաց պատրիարքարանին է պատկանում, ի՞նչ է արվելու Վիրահայոց թեմի կողմից, թե՞ այլևս ոչինչ չի արվելու:

- Հիմա Վրաստանում գործող կառույցների հետ գործընթաց ենք ստացել, որովհետև բանավոր, գրավոր խնդրանքներով հարցը չի լուծվում, ուրեմն այդ դեպքում հարցը պետք է լուծում ստանա իրավական դաշտում: Մենք նիստ ենք գումարել թբիլիսահայության ներկայացուցիչների հետ, թե ինչպես հանդիպումներ ունենանք համապատասխան մարմինների հետ և իրենց հետ այդ հարցերի լուծմամբ զբաղվենք, և ըստ անհրաժեշտության դիմենք նաև դատարան: Այս երկու ուղղությամբ էլ աշխատում ենք:

-Ի՞նչ պահանջով եք դիմելու դատարան:

-Մենք դիմում ենք դատարանին պահանջով, որ կա՛մ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, որպես իր պատմական ժառանգություն, կա՛մ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի Էկոնոմիկայի նախարարությանը:

-Մինչև ե՞րբ է գործել եկեղեցին:

-Մինչև խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի, վերջին մի տասնհինգ տարիներին տանիքը փլուզված էր և այդ վիճակում կար: Երբ այդ տարածքը վերանորոգվում էր, այդ հատվածը բարեկարգվեց: Այդ ընթացքում է, որ մենք դիմել էինք, որպեսզի եկեղեցին ունենա կարգավիճակ, այդ ամենն անտեսվել է, և կեղծ փաստաթղթերի հիման վրա, սեփականության իրավունքով տրվել է պատրիարքարանին, շրջանցվել է նաև Կրոնի հարցերով գործակալությունը:

-Ինչի՞ հիման վրա է նման որոշումը կայացվում, կա՞ որևէ հիմք, թե կոնկրետ քաղաքականություն է փաստաթղթեր կեղծելով, աղբյուրը փոխելով տվյալներ մեջբերել և հայկական եկեղեցիները փոխանցել վրաց պատրիարքարանին:

-Վրաստանում 2002 թվականին եկեղեցու և պետության միջև կնքված համաձայնագրում մի կետ կա, որը վտանգ է ներկայացնում Վրաստանում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար: Պետության և վրաց պատրիարքարանի միջև կնքված սահմանադրական համաձայնագրի 2-րդ կետի համաձայն՝ Վրաստանում բոլոր քրիստոնեական եկեղեցիները համարվում են Վրաց եկեղեցուն պատկան տաճարներ: