Թրամփի մասին սկանդալային գրքի վաճառքը կմեկնարկի այսօր
«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» սենսացիոն գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Ուոլֆը հայտնել է, որ իր հրատարակիչը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել գրքի հրատարակումից, այլև վաճառքի մեկնարկը ավելի վաղ նախատեսված հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրվանից տեղափոխել է այս ուրբաթ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները փորձում են թույլ չտալ գրքի հրատարակումը։ Նշենք, որ գիրքը պարունակում է Թրամփի նախագահության վերաբերյալ սենսացիոն մանրամասներ։
Հեղինակին՝ լրագրող Մայքլ Ուոլֆին և նրա հրատարակչին ուղարկված ծանուցման մեջ նրանցից պահանջել են անհապաղ դադարեցնել գրքի հետագա հրատարակումը, դրա վաճառքը և տարածումը։
Գրքում, ի թիվս այլ բաների, ներկայացված է Թրամփի՝ ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնի հարցազրույցը, ով Թրամփի համար բազմաթիվ տհաճ հայտարարություններ է արել, մասնավորապես «դավաճանություն» է անվանել ընտրությունների նախաշեմին Թրամփի որդու և Ռուսաստանի մի խումբ ներկայացուցիչների միջև հանդիպումը։










