39 օր հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ապա նորից ՔԿՀ

16:46 • 19.03.18

39 օր հացադուլի մեջ գտնվող առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող Արկադի Պապյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Պապյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Իմ պաշտպանյալի վիճակը լավ չէ, նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է գլյուկոզա ստանալուց: Բժիշկը գտել է, որ ստացիոնար բուժման կարիք չունի, բժշկական հսկողության կարիք ունի, որը ՔԿՀ-ում առկա է»,-ասաց Մակինյանը:

Պաշտպանն ասաց, որ արդեն 39 օր տևող հացադուլից Պապյանը մտադիր չէ հրաժարվել.«Նա անգամ իմ հետ խոսելուց քնում է, հետո արթնանում ու շարունակում է  խոսել, սակայն հացադուլից հրաժարվելու մտադրություն չունի, որովհետև պայքարի այդ ձևն է ընտրել: Իմ պաշտպանյալը պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ»:

Պաշտպանը, Պապյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ ապացույցները բացակայում են:

Արկադի Պապյանը մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ –ի պետ Գևորգ Մկրտչյանին ամիսներ շարունակ կաշառք փոխանցելու  մեջ, ըստ մեղադրանքի նրան դրա դիմաց   արտոնություններ են տրվել: