Ալիևի հայտարարությանը միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ. Տ. Բալայան

16:32 • 19.03.18

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում:


«Ինչպես և սպասվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում:


Նշենք, որ Ադրբեջանի նախագահը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարությունների առնչությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:


Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի «վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը», հայտարարել էր, որ Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում: