ՌԴ նախագահի թեկնածու Գրուդինինն ընտրությունները «կեղտոտ» է անվանել

17:34 • 19.03.18

Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ ընդունում է Վլադիմիր Պուտինի հաղթանակը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում, սակայն համարում է, որ ընտրությունները չեն համապատասխանել համաշխարհային չափանիշներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ես ձեզ կասեմ, որ բացարձակ վստահ եմ, որ գործող նախագահը հաղթել է: Ես բացարձակ վստահ եմ, որ այդ հաղթանակը եղել է: Բայց այն, ինչ արել են պաշտոնյաները, իշխանությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ները, նախընտրական քարոզարշավի ժամանակ, թույլ է տալիս ինձ ասել, որ եղել են կեղտոտ ընտրություններ: Տեղի են ունեցել ընտրություններ, որոնք չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին»,- ասել է Գրուդինինը մամուլի ասուլիսի ժամանակ:


Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացել են նախագահական ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,47 տոկոս՝ 73,36 մլն մարդ։ Ընտրություններում քվեաթերթիկների 99,84 տոկոսի հաշվարկից հետո 76,66 տոկոս ձայնով հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Գրուդինինը հավաքում է 11,77% ձայն։