Պուտինը Ռուսաստանի զարգացման վերաբերյալ տպավորիչ ծրագիր ունի. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի զարգացման հետագա ուղու մասին պատկերացում ունի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահն ունի երկրի զարգացման վերաբերյալ բացարձակ հասկանալի, հետևողական և տպավորիչ ծրագիր, ինչի մասին նա խոսել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ երկրի զարգացման «ճանապարհային քարտեզը» կպատրաստվի նախագահի հանձնարարականների հիման վրա:
«Իհարկե, նման ծրագրի առկայությունը ցույց է տալիս նախագահի լիարժեք կենտրոնացումը ներռուսական գործերի վրա, նրա վրա, որ Ռուսաստանը զարգանա առկա պոտենցիալի հիման վրա, նոր հնարավորությունների հիման վրա, որոնք, նախագահի տեսանկյունից, հնարավոր է ստեղծել»,- հավելել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացել են նախագահական ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,47 տոկոս՝ 73,36 մլն մարդ։ Ընտրություններում քվեաթերթիկների 99,84 տոկոսի հաշվարկից հետո 76,66 տոկոս ձայնով հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։










