Պուտինը նշել է՝ որն է նոր նախագահական ժամկետում իր գլխավոր նպատակը

16:25 • 19.03.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր նոր նախագահական ժամկետի ընթացքում աշխատանքի առաջնահերթ ուղղությունը կդառնա ներքին օրակարգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Դա նախևառաջ Ռուսաստանի Դաշնության տնտեսության աճի տեմպերի ապահովումն է, դրան նորարարական բնույթ հաղորդելը: Դա զարգացումն է առողջապահության, կրթության, արդյունաբերական արտադրության ոլորտներում, ինչպես ես արդեն ասել եմ, ենթակառուցվածքների ոլորտում, առաջ շարժվելու և մեր քաղաքացիների կյանքի մակարդակը բարձրացնելու համար կարևոր այլ ուղղություններում»,- ասել է Պուտինն իր ընտրական շտաբի համանախագահների հետ հանդիպմանը:


Պետության ղեկավարի խոսքով՝ առանց ուշադրության չեն մնա նաև երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերը:


«Առանց դրա նույնպես չենք կարող: Բայց, այնուամենայնիվ, մեզ համար գլխավորն օրվա ներքին օրակարգն է»,- ընդգծել է Պուտինը:


Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացել են նախագահական ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,47 տոկոս՝ 73,36 մլն մարդ։ Ընտրություններում քվեաթերթիկների 99,84 տոկոսի հաշվարկից հետո 76,66 տոկոս ձայնով հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։