ԱՄՆ-ը, ինչպես ՀՀ-ը, չի ճանաչել ԼՂ դե-ֆակտո վարչակազմին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ի պատասխան Բակո Սահակյանի այցի դեմ Բաքվի բողոքի
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնում է անփոփոխ. Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերվում նրան, որ Բակո Սահակյանի այցի հետ կապված Բաքուն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային, այսպես են պատասխանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Միացյալ Նահանգները, ինչպես նաև որևէ այլ երկիր՝այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո վարչակազմին»,- նշել է դեսպանը:
Դեսպանատունն իր պատասխանում նաև նշել է՝ Միացյալ Նահանգները սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործընթացին և կշարունակի աշխատել խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտով առաջ քաշված՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների վրա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ աշխատանքային այցով Վաշինգտոնում էր գտնվում Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա այցելել էր նաև ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդիպում էր ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:










