«Ելքի» մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. շատ հնարավոր է, որ մեր գործընկերներն ինչ-որ փուլում միանան մեզ. Ալեն Սիմոնյան

21:30 • 20.03.18

«Ելքի» մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մենք չենք բացառում, որ մեր գործընկերները ինչ-որ փուլում միանան «Քաղաքացիական պայմանագրի» փողոցային պայքարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: «Մենք տարաձայնություններ չունենք դաշինքում, մենք ունենք մեկ տարաձայնություն, եթե կարելի է այդպես բնորոշել: Տարբերությունը պայքարի ձևի մեջ է, բայց մենք սկզբունքային հարցերում տարաձայնություն չունենք»,- նշեց Ա. Սիմոնյանը:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մարտի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Հասկանալի է, որ ընդունվել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին, բայց հետաքրքիր է, քաղաքական շարժման մեջ մտնո՞ւմ է նաև փողոցային պայքարը, քաղաքական շարժումն իրենից ի՞նչ է ենթադրում:

- Իհարկե մտնում է, ոնց չի մտնում: Մնացած մանրամասները չեմ կարող ասել, դրանք կիմանաք մարտի 31-ին:

- Երեկ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ 3 կուսակցություններն ազատ են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ իրենց անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում: Դրանից հետո արդեն սկսեցին կարծիքներ հնչել, որ դաշինքը կազմալուծվում է, փլուզվում է և այլն: Ի՞նչ կարող եք ասել այս մասով:

- «Ելքի» մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Անընդհատ դրա մասին խոսում են, բայց մենք առողջ կառույց ենք, որտեղ կա առողջ քննարկում և մեր գործընկերները շատ հնարավոր է, որ ինչ-որ փուլում միանան մեզ: Մենք դա չենք բացառում: Այս հարցում չունենք ընդհանուր մոտեցում, պատկերացում, կարող է ինչ-որ փուլում ինչ-որ բան փոխվի, միասնական գործողություններ անենք: Այնուամենայնիվ, «Ելքի» թե՛ Ազգային ժողովի, թե՛ ավագանու խմբակցությունները շատ լավ մթնոլորտում աշխատում են և շարունակելու են աշխատել: Մնացածն ուղղակի ասեկոսեներ են, ավելի շատ ցանկություն, քան իրականություն:

- Դուք մեկ կուսակցություն դառնալու մասին էիք հայտարարում, այդ հարցը դեռևս օրակարգո՞ւմ է:

- Այո, մեկ կուսակցություն դառնալու հարցը նույնպես օրակարգում է, բայց մինչև ապրիլի վերջ կա շատ ավելի կարևոր խնդիր և մենք զբաղված ենք դրանով: Եվ մեկ կուսակցությունն ուղղակի թղթով չի լինում, այլ մենք աշխատանքային ավանդույթներ ձևավորելով պետք է գանք դրան: Չստացվի, որ դա արհեստականորեն արված մի բան է, այլ իրական գործընթաց պետք է լինի:

- «Ելք» դաշինքում նման տարաձայնությունները չե՞ն հեռացնում մեկ կուսակցություն դառնալու գաղափարից:

-Այստեղ ձևակերպման խնդիր կա, մենք տարաձայնություններ չունենք, մենք ունենք մեկ տարաձայնություն, եթե կարելի է այդպես բնորոշել: Տարբերությունը պայքարի ձևի մեջ է, բայց մենք սկզբունքային հարցերում տարաձայնություն չունենք: Սկզբունքային հարցը դա Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման անընդունելիությունն է: Փողոցային պայքարը, որպես քաղաքական հարցերի լուծում, մեզ համար ընդունելի է:

- Սերժ Սարգսյանի երեկ Tert.am-ին տված հարցազրույցում, ըստ էության, չէր բացառել վարչապետի պաշտոնում առաջադրվելը: Ձեր կարծիքով՝ դա անակնկա՞լ էր, թե՞ սպասելի էր, և ընդհանրապես, հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերում:

- Ակնհայտ էր, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն ՀՀԿ-ի կողմից: Իսկ հավելումը, տեքստը, անկեղծ ասած, Սերժ Սարգսյանից ավելի լուրջ մանևրում, արդարացում էի սպասում: Սերժ Սարգսյանի կալիբրի գործչից, իսկ ինքը մեծ կալիբրի քաղաքական գործիչ է, շատ ավելի բան էր սպասվում, քան այն տեքստը, որը հենց ձեր կայքով էլ տարածվել էր: Անկեղծ, ժպիտ առաջացրեց՝ մի դնելով բոլոր քաղաքական ցանկությունները, նկրտումները և պատկանելիությունները: