Ճանապարհը սառած է եղել, տեղի է ունեցել 2 մեքենաների բախում. Վորոնեժի մոտ վթարված ավտոբուսը շահագործող ընկերության տնօրեն

16:33 • 20.03.18

«Ման Տուր» ընկերության տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ՌԴ-ում այսօր Վորոնեժի մոտ վթարված հայկական ավտոբուսը, սահմանված կարգով, ունեցել է 2 վարորդ, որոնք շատ փորձառու են եղել: Ուղևորափոխադրումն էլ եղել է օրինական: Նա նշեց նաև, որ  ավտոբուսը կահավորված է եղել անհրաժեշտ ձմեռային անվանդողերով:

Հիշեցնենք, որ  ՌԴ-ում հայկական ավտոբուսի՝բեռնատարին բախվելու արդյունքում  կա 2 զոհ, 8 տուժած, որոնցից  3-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղևոր:
Ինչպես տեղեկացրել էր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը՝ վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք փոխհատուցում տալ վարորդին, ավտոբուսի ուղևորներին, առհասարակ, ընդունո՞ւմ են իրենց մեղքը, ուղևորափոխադրող ընկերության տնօրենն ասաց, որ որևիցե տվյալի չեն տիրապետում՝ երթևեկության մասնակիցներից որն է մեղավոր եղել:

«Մենք դեռ չգիտենք՝ ինչ է կատարվում, ոչ էլ կարող ենք մեղքը վերցնել, որովհետև այնտեղ ուրիշ սիտուացիա է՝ սառած է եղել, ձմեռ է եղել, երկու մեքենաների բախում է եղել: Ոստիկանությունը կորոշի՝ ով է մեղավոր»,-ասաց ընկերության տնօրենը:

Տնօրենը հավելեց, որ վթարված ավտոբուսի վարորդի հետ իրենց դեռևս չի հաջողվել կապ հաստատել. վարորդը հիվանդանոցում է: