Պաղեստինի ղեկավարն Իսրայելում ԱՄՆ դեսպանին «շան որդի» է անվանել
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դևիդ Ֆրիդմանին «շան որդի» է անվանել, ինչն արել է դիվանագետի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցմանն աջակցելու համար, հայտնում է The Guardian-ը:
«Թել Ավիվում ԱՄՆ դեսպանը շան որդի է: Նա ասում է, որ դա նրանց հողերն են, իսկ մենք ասում ենք, որ բնակավայրերը կառուցվում են պաղեստինյան հողի վրա»,-ասել է Աբբասն իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների ու Պաղեստինի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:










