Պարզվել է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից զոհվածի ինքնությունը, հրապարակվել են տուժածների անունները. նոր մանրամասներ (լուսանկարներ)

12:03 • 20.03.18

16.47

Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

16.33

«Ման Տուր» ընկերության տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ՌԴ-ում այսօր Վորոնեժի մոտ վթարված հայկական ավտոբուսը, սահմանված կարգով, ունեցել է 2 վարորդ, որոնք շատ փորձառու են եղել: Ուղևորափոխադրումն էլ եղել է օրինական: Նա նշեց նաև, որ ավտոբուսը կահավորված է եղել անհրաժեշտ ձմեռային անվանդողերով:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք փոխհատուցում տալ վարորդին, ավտոբուսի ուղևորներին, առհասարակ, ընդունո՞ւմ են իրենց մեղքը, ուղևորափոխադրող ընկերության տնօրենն ասաց, որ որևիցե տվյալի չեն տիրապետում՝ երթևեկության մասնակիցներից որն է մեղավոր եղել:

14.50

Պարզվել է, որ մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը:

Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

13.01 

Ռուսաստանի Դաշնությունում հայկական ավտոբուսի վթարի ժամանակ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղևորը:

Պավլովի կենտրոնական հիվանդանոց հոսպիտալացված 8 անձանցից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 2-ինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս 2 վիրավորները դեռ հետազոտման փուլում են: 2 զոհերից մեկը բեռնատարի վարորդն է։ 

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել: 

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը. Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:


12.03

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: 

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: