Ինչու Թրամփը չի շնորհավորել Պուտինին. Կրեմլն արձագանքել է

16:01 • 20.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի բացակայությունը ոչ բարեկամական քայլ չէ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:


Նրա խոսքով՝ Պուտինը բաց է մնում հարաբերությունների կարգավորման համար այնտեղ, որտեղ «դա մեզ հետաքրքիր է և անհրաժեշտ»:


«Նախագահը մեծ քանակությամբ շնորհավորանքներ է ստանում օտարերկրացի առաջնորդներից: Մեկն աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարող զանգահարել, մյուսն՝ այլ պատճառներով: Պետք չէ այստեղ չափազանցնել»,- հավելել է մամուլի քարտուղարը:


Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Պեսկովը, Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքներն այնքան շատ են, որ դեռ դժվար է հստակ ասել, թե արդյոք ԱՄՆ-ից հեռագիր եղել է, թե ոչ:


Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:


Նախնական տվյալների համաձայն՝ Պուտինն ընտրություններում հավաքել է ձայների մոտ 77%-ը։