Նիդերլանդներում սպասվում են տեղական ընտրություններ, որին մասնակցում է 13 հայազգի պատգամավորության թեկնածու․ Մասիս Աբրահամյան
Նիդերլանդներում մարտի 21-ին տեղական ընտրություններ են, որին տարբեր քաղաքներում մասնակցում է 13 հայազգի պատգամավորության թեկնածու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
«Ալկմարում երկու թեկնածու է գրանցված՝ Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից և Ջանիկ Դանիելյանը՝ «Ալկմարի Հասարակության Շահերը» միությունից։ Ալմելո քաղաքում գրանցված է հայազգի երեք թեկնածու՝ Թալին Արժեքյանը՝ «Քրիստոնեական Միությունից», Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից և Գայանե Հելդեր-Վարդանյանը՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունից:
Ամերսֆորտ քաղաքում ընտրություններին ձեռնոց է նետել հայազգի՝ Մարիա Բալաստ-Թաթարյանը՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից։ Դեմոկրատներ 66 կուսակցության թեկնածուներից մեկը Ամստելվեյն քաղաքում Տավրոս Ասլանյանն է։ Ամստերդամում Աշխատավորական կուսակցության թեկնածու է Նշան Սարիջանը, Առնհեմում ՝ Դալար Լազարյանը՝ Քրիստոնեական միությունից։ Հաագայում «Կանաչ Ձախ» կուսակցության թեկնածու է Արմինե Ստեփանյանը, իսկ Էնքհաուզենում Արշակ Մազլումյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից։ Սևակ Գասպարյանն էլ Հոֆ Վան Տվենտե քաղաքում ներկայացնում է Դեմոկրատներ 66 կուսակցությունը, իսկ Մաստրիխտում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թեկնածուներից մեկը Մերի վան Էֆերինկ-Շաբոյանն է»,- ներկայացրեց նա:
Ըստ Մասիս Աբրահամյանի՝ հայազգի թեկնածուների հաջողության հասնելու հնարավորությունները տարբեր են և մի շարք հանգամանքներից կախում ունեն։
«Նրանցից երեքն այս պահին արդեն ավագանու անդամ են, բայց նրանք էլ վստահ չեն, որ կվերընտրվեն։ Շատ դժվար է կանխատեսումներ անելը, բայց լիահույս ենք, որ նրանց գոնե մեկ երրորդը կընտրվի, որը կարևոր դերակատարություն կարող է ունենալ հոլանդահայության կյանքում»,- ասաց նա:










