Սաուդյան արքայազն Ալվալիդն իր ազատ արձակման վերաբերյալ գաղտնի համաձայնագիր է կնքել կառավարության հետ

16:43 • 20.03.18

Սաուդյան Արաբիայի Kingdom Holding ներդրումային ընկերության նախագահ, հայկական արմատներով արքայազն Ալվալիդ բին Թալալը, որը մոտ երեք ամիս կալանքի տակ էր գտնվում թագավորությունում հակակոռուպցիոն արշավի շրջանակում, հայտնել է Bloomberg TV-ին, որ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել կառավարության հետ իր ազատ արձակման վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը:


Արքայազնը հրաժարվել է բացահայտել համաձայնության մանրամասները, սակայն նշել է, որ հեշտ է ստուգել այն, որ նրան են դեռևս պատկանում իր միջազգային ներդրումային հիմնադրամի բաժնետոմսերի 95 տոկոսը:


«Երբ ես ասում եմ, որ դա գաղտնի համաձայնություն է, պայմանավորվածություն, որը հիմնվում է իմ և Սաուդյան Արաբիայի կառավարության միջև հաստատված փոխադարձ համաձայնության վրա, ես պետք է դա հարգեմ»,- ասել է նա՝ նշելով, որ կառավարության հետ գործընթացն ընթացքի մեջ է:


Ալվալիդը, որը Սաուդյան Արաբիայի ամենահայտնի գործարարներից է, ազատ է արձակվել հունվարի 27-ին Էր Ռիադի «Ռից» հյուրանոցից՝ թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պաշտոնյաների և գործարարների հետ միասին:


Ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել ֆինանսական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որի շնորհիվ ավելի քան 100 միլիարդ դոլար է վերադարձվել պետական բյուջե:


Տեղեկատվության բացակայության պատճառով տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, թե արդյոք արքայազն Ալվալիդը երաշխավորել է իր ազատությունը՝ հանձնելով Forbes ամսագրի կողմից 17 միլիարդ դոլար գնահատվող իր կարողության մի մասը, թե չի գնացել զիջումների իշխանությունների պահանջով: