ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել արտակարգ դրության ռեժիմն ու մարդու իրավունքների խախտումները

15:32 • 20.03.18

ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիային դադարեցնել 2016 թվականի հուլիսից գործող արտակարգ դրության ռեժիմը, որը հանգեցրել է մարդու իրավունքների լայնածավալ խախտումների, այդ թվում՝ 160.000 մարդու ձերբակալության և մոտ նույն քանակությամբ քաղծառայողների աշխատանքից ազատման, հայտնում է Reuters գործակալությունը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո և արձակել է ավելի քան 20 հրամանագիր, որոնք ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումների, անպատժելիության և դատական մարմինների աշխատանքին միջամտության պատճառ են դարձել, ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հայտարարությունում:


«Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի արտակարգ դրությունը և վերականգնի հաստատությունների բնականոն գործունեությունն ու օրենքի գերակայությունը»,- ասված է զեկույցում:


Զեկույցում նշվում է, որ հրամանագրերի թիվը, հաճախականությունը և որևէ ազգային սպառնալիքի հետ կապի բացակայությունը ցույց են տալիս, որ արտակարգ դրության ռեժիմն օգտագործվում է քննադատությունը և այլախոհությունը ճնշելու համար: