ՇՊՀ-ում ՈւԽ նախագահին հեռացնելու և հեռացված դասախոսների դեմ ստորագրահավաքները բացառապես ռեկտորի ցուցումով են. ՈւԽ նախագահ

16:45 • 22.03.18

Շիրակի պետական համալսարանում խժդժությունները շարունակվում են բացառապես ռեկտոր Սահակ Մինասյանի ցուցումով: Tert.am-ի հետ զրույցում ասաց բուհի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը, ում համոզմամբ՝ ՇՊՀ ռեկտորը փորձում է ձերբազատվել իրենից միայն նրա համար, որ ինքը հանդես է եկել ի պաշտպանություն բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի:

Արմեն Մելքոնյանը նշեց, թե համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, խախտելով բազմաթիվ  իրավական նորմեր, չարաշահելով պաշտոնեական դիրքը, վարչարարություն է  կիրառում, հակառակ դեպքում իրեն անմիջականորեն ենթակա մարդիկ «ինքնագլուխ նման որոշումներ  չէին կայացնի», որը միտված է նաև իրեն ուսխորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելուն: 

«Երեկ Գյումրիում սաստիկ ցրտի պայմաններում, երբ մենք 15-20 հոգանոց կազմով մեր բողոքն էինք արտահայտում ռեկտորի կամայականությունների դեմ, բուհում տեղի է ունեցել հետաքրքիր իրավիճակ, բուհի իրավաբանը, որը պարոն Մինասյանի քրոջ որդին է, ամբողջ օրը եղել է մեր ֆակուլտետի՝ Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանի հետ: Դեկանը նույն ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էմմա Կիրակոսյանին հրավիրել է դեկանատ, որտեղ ներկա է գտնվել ուսխորհրդի փոխնախագահ Արթուր Չարչօղլյանը, և առաջարկել մասնակցել ուսխորհրդի նախագահի դեմ անցկացվող ստորագրահավաքին»,- ասաց նա և հավելեց, թե փաստաթուղթը կարդալուց հետո Էմմա Կիրակոսյանը հրաժարվել է ստորագրել:

Արթուր Չարչօղլյանը փորձել է  համոզել, թե ուսխորհրդի երկու փոխնախագահներ ստորագրել են, մեկը ինքն է, և իր բառերով ասել, թե ռեկտորն է կամեցել, որ ինքը լինի նախագահ: «Էմման հրաժարվել է և այդ ամենի մասին տեղեկացրել ինձ՝ արտահայտելով իր վճռականությունը»,- ասաց նա: 

Ըստ Արմեն Մելքոնյանի՝ ստորագրված անձանց ցուցակում  կա ուսանողներից անուն, ով իրենց հետ մասնակցում է բողոքին, ով հետո հայտարարել է, թե նոր է իմանում, որ ինքն էլ ստորագրության հեղինակ է: 

Ուսխորհրդի նախագահը պատմեց, թե զանգահարել է դեկանին, նշել, որ քանի որ իր վրա ճնշումներ են գործադրվում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ խոսակցությունը ձայնագրվում է: «Ես հարցի, թե ինչու է իր լիազորությունները չարաշահելով՝ փորձում  ներգործել ուսխորհրդի ինքնակառավարման վրա: Ինքն ասաց, որ չկա նման բան, ես ասացի, որ ունեմ Էմմայի հստակ վկայությունը, որ արել է նման բան, ինքն ասաց՝ իսկ դու ինչ իրավունքով ես զանգել ինձ գիշերվա կեսին, դու իրավունք չունես ինձ հետ խոսելու, ու անջատեց հեռախոսը»,- ներկայացրեց Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանը նշեց, թե փորձ է արվել տարբեր ֆակուլտետներից ուսանողներ ներգրավելու, ըստ նրա, ուսանողների անուններ են եղել ներառված, բայց նրանց դա լրիվ այլ կերպ է մեկնաբանվել:   

«Ուսանողները Հումանիտար գիտությունների և արվեստի  ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Ջեմմա Ղազարյանին հայտնել են իրենց վճռական բողոքը, թե ինչ եք անում, մեր անունից ինչ փաստաթղթի տակ է ստորագրվում: Ուսանողները պատրաստվում էին բողոքել դեկանի ֆակուլտետին, ես արգելել եմ նրանց, քանի որ բուհում  այնպիսին է վիճակը, որ ցանկացած սադրանքի կարելի է սպասել: Ուսանողներին հորդորել եմ մնալ տեղերում,  դասադուլը շարունակել տներում, չգալ դասի, մինչև խնդրին օրինաչափ լուծում չտրվի»,-ասաց նա և հավելեց, որ այնքան պարզունակ մեթոդներ են կիրառվում, որ քննադատության չեն դիմանում: 

ՈւԽ նախագահը ներկայացրեց փաստաթղթի բովանդակությունը և հակաիրավական հիմքերը: «Փաստաթղթում նշվում է, որ մենք ունենք մեր չեզոք դիրքորոշումը և Արմեն Մելքոնյանի  հայացքները, գաղափարները չենք կիսում, և դեմ ենք, որ նա ուսխորհրդի անունից հանդես գա»,- ասաց նա և հավելեց, թե նախ ինքն իր հրապարակումներում եղել է զգույշ և  նշել է, որ որպես ուսխորհրդի նախագահ եմ հանդես գալիս, նման դիրքորոշմամբ, անձնական խորին համոզվածությամբ: 

Իսկ ինչ վերաբերում է ուսխորհրդի անունից հանդես գալուն, նշեց, թե ուզում է հիասթափեցնել, որ ոչ թե պետք է դեկանատներում այդ ամեն ինչը ստորագրվի, այլ հրավիրված նախագահության նիստի 8 հոգանոց կազմում, ստանան ձայների մեծամասնություն և նոր հանդես գան հայտարարությամբ: 

Նա շարունակեց, թե երբ ուսանողները հարցրել են, թե ով է լինելու ուսխորհրդի նախագահը, Արթուր Չարչօղլյանը պատասխանել է՝ ըստ կարգի՝ ես եմ լինելու:

«Երևի Արթուրը կանոնակարգից տեղյակ չէ, ասեմ, որ ինձ հեռացնելու համար մի քանի ուսանողի, որոնք ուսխորհրդի անդամ են, ստորագրությունը բավարար չէ, պետք է լինի նախագահության նիստ, լինի ձայների մեծամասնություն: Որոշումը ես, ըստ բուհի կանոնակարգի, կարող եմ բեկանել և պահանջել ընդհանուր համալսարանի ուսանողական համագումար, որի ժամանակ գերակշիռ փաստերի վրա, եթե մեծամասնությունն ինձ դեմ է, ինչը ֆանտաստիկայի ժանրից կարող է լինել,  նոր կարող են ինձ անվստահություն հայտնել»,- ասաց նա և նշեց, թե իրեն հեռացնելու պատճառն էլ պարզ է, որպեսզի մարտի 24-ի նիստում  հանդես չգամ որպես գիտխորհրդի անդամ:

Ըստ Մելքոնյանի՝ կարմիր թելի պես գնում է գիծը, թե որ իրադարձությունը ինչին է հետևում: «Երբ եթերում ասացի, որ բուհի ռեկտորի կողմից չի հանդուրժվում տարակարծություն,  ինքնուրույն կարծիք, չեզոքություն, սկսվեցին այս գործընթացները: Վստահ եմ՝ երբ իմ աշխատանքը սահմանափակեն, դրանից հետո կսկսվեն բուհի մնացած ուսանողների և դասախոսների նկատմամբ  ռեակցիոն գործողություններ, որոնք, իմ խորին համոզմամբ, կրթությունը մարզում կդարձնեն անվերահսկելի»,- ասաց նա: 

Այդուհանդերձ, Արմեն Մելքոնյանը նշեց, թե համոզված է, որ իրենց արդար բողոքները կգտնեն հանգուցալուծում: «Մեր դասախոսները կվերադառնան աշխատանքի, և բուհում անարդարությունները կվերանան մոտալուտ ժամկետում, մինչև ամսի 24-ը խնդրին ճիշտ և օբյեկտիվ լուծում կտրվի»,- ասաց նա:

Նշենք, որ հեռացված դասախոս Գագիկ Համբարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ստորագրահավաքային մարաթոն Շիրակի պետհամալսարանում. խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում...Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի դեմ... »