Սևանի մակարդակը նախորդ տարվա լրացուցիչ ջրառի հետևանքով արդեն 4 սմ-ով նվազել է, իսկ 2-րդ տարին անընդմեջ ջուր բաց թողնելն ուղղակի աղետալի կլինի. Կ. Դանիելյան
Անցած տարվա լրացուցիչ ջրառի հետևանքով արդեն 4 սմ-ով Սևանի մակարդակը նվազել է, իսկ 2-րդ տարին անընդմեջ ջուր բաց թողնելն ուղղակի աղետալի կլինի Սևանի համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հայտարարությանը:
«Սևանը չնայած թափոններ է ընդունում, աղտոտված ջրեր է ընդունում, բայց ինքնամաքրման պրոցեսները խիստ ակտիվացել էին: Եվ Սևանի ջրի մակարդակի բարձրացման հետ ջրի որակի ակնհայտ լավացում էր տեղի ունենում: Անցած տարվա ջրառն արդեն լուրջ վնաս էր հասցրել լճին, և եթե հիմա էլ անընդհատ դա կրկնենք, փաստորեն կնշանակի, որ այն բոլոր դրական փոփոխությունները, որ ունեինք Սևանի մակարդակի և ինքնամաքրման գործընթացների մասով, կկորցնենք»,- նշեց բնապահպանը:
Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով: 2017 թվականին ջրամբարների լցվածությունն եղել է 47.3 տոկոս, իսկ 2016-ին՝ 58 տոկոս. «Եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինենք դիմել ԱԺ՝ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար»,- նշել էր Արսեն Հարությունյանը:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի Սևանից 170 մլն խմ ջուր է բաց թողնվում, բայց նախորդ տարի անհրաժեշտություն էր առաջացել 100 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել:
Կարինե Դանիելյանը համոզված է, որ եթե նախորդ տարվա համեմատ ավելի քիչ տոկոսով են լցված ջրամբարները, ապա այս տարի Կառավարությունը կառաջարկի է՛լ ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել:
«Հասկանալի է, որ դա ամենահեշտ ձևն է՝ Սևանից ջուր բաց թողնելը, բայց ամենավտանգավոր: Մենք դեռ չենք կարողացել Արփա-Սևան թունելը լրիվ վերականգնել և ջուրը բերել Սևան, միաժամանակ, անընդհատ բաց ենք թողնում: Դա ջրային ռեսուրսների նորմալ կառավարում չէ, իսկ ռեսուրսներն իրար հետ կապված են: Սևանի մակարդակը երբ որ իջեցրել էինք, ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև ամբողջ Հայաստանում նկատվում էր ջրային ռեսուրսների կրճատում: Ամեն ինչ իրար հետ կապված է, այդպես հեշտ ամեն անգամ Սևանից ջուր վերցնելը ամբողջ Հայաստանի ջրային ռեսուրսներին է վնասում»,- նկատեց նա:
Բնապահպանի խոսքով՝ կորուստները ոռոգման համակարգում մոտավորապես այնքան են, ինչքան Սևանից վերցվում է: Ըստ նրա՝ Կառավարությունն այստեղ ջրամբարներից ջրի կորուստների ճշտման և դրանց վերացման կարիք ունի:
«Վարկած կա, որ ձմռանը ջրամբարներից ջուրը բաց է թողնվում, որպեսզի էներգիա ստանան: Սա ոչ մի տեղ չի երևում և չի հաշվարկվում, իսկ հետո ասում են՝ չեն լցվել, և հիմա ասում են՝ Սևանից պետք է ջուր բաց թողնեն: Այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են»,- ասաց Կարինե Դանիելյանը:










