Սխալմամբ 31 տարի բանտում անցկացրած ամերիկացին 1 մլն դոլար փոխհատուցում կստանա
ԱՄՆ բնակիչը, որը սխալմամբ 31 տարի է անցկացրել բանտում, մեկ միլիոն դոլար փոխհատուցում կստանա։ Այս մասին հայտնում է Fox 17 պորտալը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թենեսի նահանգի բնակիչ Լոուրենս ՄքՔինին ազատ է արձակվել 2009 թվականին, քանի որ նրա գործում նոր ԴՆԹ ապացույց է հայտնաբերվել։ 61-ամյա տղամարդուն ազատել են բռնաբարության և կողոպուտի մեղադրանքներից ու 75 դոլար փոխհատուցում տվել։
«Կառավարությունը խլել է իմ 20, 30 և նույնիսկ 40 տարին։ Ես իմ կյանքը դասավորելու ոչ մի հնարավորություն չեմ ունեցել»,- ասել է ՄքՔինին։
Նշվում է, որ տղամարդը փոխհատուցումն ավելացնելու պահանջի հնարավորություն է ստացել միայն ութ տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին։
Մարտի 21-ին նահանգի բողոքարկման հանձնաժողովը պարտավորվել է վճարել առավելագույն փոխհատուցումը, որը տրամադրվում է սխալմամբ ազատազրկելու համար՝ մեկ միլիոն դոլար։
ՄքՔինիին անմիջապես 353 հազար դոլար կտրամադրեն, որպեսզի նա կարողանա վճարել փաստաբանի ծառայությունների համար և վերադարձնել պարտքերը, իսկ մնացած 647 հազար դոլարը կբաժանվի ամսական վճարումների տեսքով՝ ամսական 3.350 դոլար։
Պետությունը երաշխավորում է ապահովել վճարումներն առնվազն 10 տարվա ընթացքում, իսկ մահվան դեպքում գումարը կտրամադրվի նրա կնոջը և ժառանգներին։










