ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է. Էդուարդ Շարմազանով

22:22 • 22.03.18

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել: Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր, Պաշտպանության նախարարության 7 ամյա ռազմավարության ծրագիրը և հունիս ամսին սպասվող 20-25 համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների հարցը:

Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցից հետո խոսվում է  այն մասին, որ արդեն պարզ է դարձել ՀՀԿ-ի վարչապետի անունը, սրանով կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Ինչպես իր հարցազրույցում նշեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է: Մենք պետք է կայացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա իրողություններից, մարտահրավերներից: ՀՀԿ-ն կընդունի այնպիսի որոշում, որը բացառապես կսպասարկի ՀՀ-ի պետական ու ազգային շահը»:

Շարմազանովն ասաց, որ ինչպես հարցազրույցում նշել է ՀՀ նախագահը, այդ հարցի շուրջ ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, հետևաբար  պաշտոնապես ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդի նիստում դեռևս այդ հարցին անդրադարձ չի արվել:

«Սակայն նշեմ, որ մամուլի միջոցով  գործընկերներս և մենք  մեր կարծիքն արտահայտել ենք: Իմ կարծիքը հետևյալ է. ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի: Սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կիսում են ՀՀԿ-ական մի շարք գործընկերներ»,-ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ-ի ներսում կա՞ն  գործիչներ, ովքեր այլ  կարծիք ունեն, որ ավելի փորձառու գործիչ կա, քան Սերժ Սարգսյանը, Շարմազանովն ասաց` պաշտոնապես քննարկում չի ծավալվել և, հետևաբար, այդ հարցի պատասխանը չունի: