ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկում է «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ)
«Հանրաքվեի մասին» օրենքն առաջին ընթերցումից հետո ենթարկվել է փոփոխությունների: Առաջարկություններ է ներկայացրել նաև «Ելք»-ը:
Այս մասին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ կառավարության կողմից իրականացված փոփոխությունների մի մասը բխում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից:
Առաջին փոփոխությունը օրինագծի 4-րդ հոդվածում է կատարվել: Հովհաննիսյանն ասաց, որ ավելացել է հանրաքվեի միջոցով ընդունված օրենքներում հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու հնարավորությունը, որը բխում է Սահմանադրությունից:
«Սահմանադրությամբ նախատեսված է, որ հանրաքվեով ընդունված օրենքը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասաց փոխնախարարը:
Փոփոխության է ենթարկվել նաև օրինագծի այն դրույթը, որով սահմանվում են այն ակտերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: «Եթե օրենքի ընդունումից հետո չի անցել մեկ տարի, ավելացրել ենք, որ այդ դրույթները չեն կարող փոխվել: Այսինքն՝ ընդունված դրույթը ոչ շուտ, քան մեկ տարի հետո, փոխվել չի կարող: Սա ևս Սահմանադրության պահանջ է»,- նշեց նա:
Քաղաքացիների համար, փոխնախարարի խոսքով, հնարավորություն է տրվում 50.000 ստորագրության դեպքում օրինագիծ ներկայացնել Ազգային ժողովին, և եթե խորհրդարանն այն մերժում է, ապա ևս 300.000 ստորագրությունների պարագայում նախագիծը կարող է դրվել հանրաքվեի: Այս դրույթը, սակայն, Հարությունյանի խոսքով, կարգավորված չէր, որովհետև անգործության դեպքում հարցը կարող է առհասարակ չքննարկվել:
«Մենք հստակ դրույթ ենք նախատեսել, սահմանել ենք ժամանակահատված, որ եթե դրսևորվի անգործություն, օրենքի նախագիծը կհամարվի մերժված, և հնարավորություն կտրվի քաղաքացիներին շարժվել առաջ: Այսինքն՝ եթե միանան ևս 300.000-ը, այն կդրվի հանրաքվեի: Սա Վենետիկի հանձնաժողովի առաջարկն էր»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարի տեղակալը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է ևս մեկ փոփոխություն՝ նախագահի հանրաքվեի նշանակման մասին:
«Մենք սահմանել էինք, որ դիմում են ՀՀ նախագահին, որոշակի հիմքեր են ներկայացնում, և նախագահը նշանակում է հանրաքվե: Սակայն դրույթը չէր կարգավորում, թե նախագահի անգործության պարագայում ինչ պետք է լինի: Դրույթ ենք սահմանել, որ չխոչընդոտվի քաղաքացիների՝ հանրաքվե անցկացնելու իրավունքը, եթե նախագահն անգործություն է ցուցաբերում: Արձագանք չտալու դեպքում հանրաքվեն համարվում է դրված»,- մանրամասնեց նա:
Խոսելով «Ելք» խմբակցության առաջարկների մասին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ դրանք մերժվել են:
«Առաջին առաջարկը՝ չսահմանափակել այն հարցերը, որոնք կարող են դրվել հանրաքվեի: Առաջարկը քննարկել ենք, սակայն ընդունելի չէ, որովհետև հակասում է Սահմանադրության 204-րդ հոդվածին: Առաջարկվում է հնարավորություն տալ այն նախագծերին, որոնք դրվել են հանրաքվեի ու մերժվել են, նորից դրվեն հանրաքվեի՝ առանց սահմանափակման: Նախագծով մենք սահմանել ենք նման հարցերը մեկ տարուց շուտ հանրաքվեի չդնել, ուստի այս առաջարկը ևս ընդունելի չէ: Հանրաքվեն ծախսատար գործընթաց է, որոշակի սահմանափակումներ է պետք մտցնել, որ քաղաքացիները 5 օրը մեկ, ամիսը մեկ նույն հարցը չդնեն հանրաքվեի: Ողջամիտ սահմանափակում է պետք: Ստորագրությունների հավաքագրման ժամկետի մասին առաջարկը ևս ընդունելի չէ: Մենք նախատեսել ենք 60 օր ժամկետ՝ ստորագրությունների հավաքագրման համար, իրենք առաջարկում են 90 օր, այնինչ 60 օրը Սահմանադրութամբ է նախատեսված»,- շեշտեց փոխնախարարը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։










