Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում. Bloomberg
Լոնդոնում մտադիր են համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որ Եվրամիության երկրները նաև մեղադրեն Մոսկվային ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը ներգրավվածության համար: Դրա համար, լրատվամիջոցի տվյալներով, Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ կկիսվի հետախուզական տվյալներով:
Բացի այդ, վարչապետը հույս ունի համոզել ԵՄ-ում գործընկերներին ռուսական իշխանություններին ուղղված քննադատությունն ուժեղացնելու անհրաժեշտության հարցում:
«Բրիտանացի պաշտոնյաները հայտարարում են, որ աշխարհը, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է ցույց տա Ռուսաստանին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայում նյարդապարալիտիկ նյութի առաջին կիրառումը չի մնա անպատիժ»,- հայտնում է գործակալությունը:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման գործի առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 66-ամյա ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:










