Կոնգրեսում համաձայնության են եկել բյուջեի նախագծի հարցում. որպես օգնություն՝ ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացվի Ուկրաինային ու Վրաստանին

09:57 • 22.03.18

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամներին մի քանի ամիս տևած լուրջ տարաձայնություններից հետո հաջողվել է համաձայնության հասնել 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հարցում:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:

Ըստ այդմ՝ Կոնգրեսը պատրաստվում է որպես օգնություն Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար հատկացնել, նշվում է 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում:

«Վրաստանին որպես օգնություն պետք է տրամադրվի առնվազն 105.325.000 դոլար, իսկ Ուկրաինային՝ առնվազն 420.700.000 դոլար»,-ասվում է բյուջեի նախագծում:

Նշվում է, որ այս գումարի մեջ չի մտնում Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնությունը:

Բյուջեի 1.3 տրլն դոլարանոց նախագիծը նախնական համաձայնեցում է ստացել Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամների միջև: Այժմ Կոնգրեսի երկու պալատները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն բյուջեն հաստատելու ու դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման չթողնելու համար: Նշվում է, որ բյուջեի նախագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: