Սելին Դիոնը լսողական խնդիրների պատճառով չեղարկել է համերգները և զայրացրել իր երկրպագուներին

20:18 • 22.03.18

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը չեղարկել է գալիք ամիսներին կայանալիք իր բոլոր համերգները, ինչի պատճառը լսողական խնդիրներն են։ Այս մասին ասվում է 49-ամյա երգչուհու Facebook-ում։

Երգչուհու ներկայացուցիչները բացատրել են, որ Դիոնի լսողական խնդիրներն սկսվել են մոտ մեկուկես տարի առաջ։ Նրանց խոսքով՝ այս պատճառով նրա համար շատ բարդ է երգել, և եթե առաջ նրան օգնել են տարբեր կաթիլներ, ապա այժմ վիրաբուժական միջամտություն կպահանջվի։

«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր պլանավորում էին Լաս Վեգաս ժամանել և ներկա լինել իմ շոուին։ Ես գիտեմ՝ ինչքան եք տխրում, ու ներողություն եմ խնդրում», - ասել է Դիոնը։

Երգչուհու ներկայացուցիչները խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը՝ նշելով, որ Դիոնի հաջորդ ելույթը կլինի մայիսի վերջին։

Համացանցի մի շարք օգտատերեր արտահայտել են իրենց զայրույթը համերգի չեղարկման կապակցությամբ՝ պահանջելով տոմսի գումարից բացի փոխհատուցել չվերթների և հյուրանոցների համար ծախսված գումարը։

Սելին Դիոնը լսողական խնդիրների պատճառով չեղարկել է համերգները և զայրացրել իր երկրպագուներին