ԱՄՆ-ում չեղարկել են Էրդողանի՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած 11 թիկնապահի դեմ մեղադրանքները
ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել Էրդողանի այցի դեմ խաղաղ ցույց անող հայերին և քրդերին:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ի որոշումը 15 մարդու նկատմամբ հետապնդում սկսելու մասին հավելյալ լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-ի Թուրքիայի հարաբերություններում: Նրանցից շատերի նկատմամբ մեղադրանքները չեղարկելու քայլը կոչված է մեղմացնելու Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության մի մասը:
Դատախազները նոյեմբերին նախ խնդրել էին դատավորին չեղարկել Էրդողանի անվտանգության անդամներից 4-ի դեմ ներկայացված մեղադրանքները: Փետրվարի 14-ին նրանք մեղադրանքները հանեցին ևս 7 անդամից:
Ինչպես աղբյուրը նշում է, դրան հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Անկարա:










