Ֆրանսիայում հազարավոր աշխատակիցներ գործադուլ են անցկացնում (տեսանյութ)

15:45 • 22.03.18

Ֆրանսիայում հազարավոր գնացքավարներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, ավիադիսպետչերներ և պետական ոլորտի այլ աշխատակիցներ գործադուլ են կազմակերպել և փողոցային ցույցեր սկսել՝ բողոքելով նախագահ Էմանուել Մակրոնի բարեփոխումների ծրագրի դեմ, հայտնում է The Guardian-ը:

Այսօրվա ցույցերը նոր միասնական փուլ են նշանավորում արհմիությունների գործողություններում, այն առաջին ցույցն է Մակրոնի դեմ, որը միավորել է քաղծառայողներին ու երկաթուղային ծառայության անձնակազմին:

Ցույցերի հետևանքով նախատեսվում են գնացքների երթուղիների չեղարկումներ, որոշ դպրոցներ փակվել են, չեղարկվել է Փարիզի օդանավակայանների չվերթների մոտ 30 տոկոսը, երկրով մեկ մոտ 150 ցույց է կազմակերպվել:

RT լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երևում են Փարիզում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցող բախումները:

Պետական հատվածի աշխատակիցները դժգոհում են բյուջեները կրճատելու, ավելի շատ մասնավոր աշխատողների վրա հիմնվելու, արժանիքների վրա հիմնված աշխատավարձերի և հինգ տարվա ընթացքում պետական աշխատողների թիվը կրճատելու Մակրոնի ծրագրերի դեմ: Միևնույն ժամանակ, երկաթուղային ծառայության աշխատակիցները հինգշաբթի մտադիր են սկսել իրենց երկարատև ցույցը, որը կարող է տևել մինչև հունիս: Նրանք բողոքում են Ֆրանսիայի երկաթուղային համակարգի բարեփոխման ծրագրի դեմ, որով նախատեսվում է կրճատել պետական ծախսերը՝ սահմանափակելով ոլորտի աշխատողների հատուկ աշխատանքային իրավունքները:

Գործադուլի օրն ընտրվել է հատուկ՝ նշանավորելով 1968 թվականի հայտնի ցույցերի մեկնարկ հանդիսացած օրը, որն իր գագաթնակետին հասավ մայիսին։