ԱՄՆ-ում ձերբակալվել է իրանցի բանկիր՝ արևմտյան բանկերի միջոցով իրանական ընկերություններին 115 միլիոն դոլար փոխանցելու համար
ԱՄՆ-ում ձերբակալվել է Մալթայի Pilatus բանկի իրանցի նախագահը, որը մեղադրվում է անօրինական կերպով իրանական ընկերություններին արևմտյան բանկերի միջոցով Վենեսուելայից 115 միլիոն դոլարի չափով գումար փոխանցելու համար, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով դաշնային դատախազներին:
Մանհեթենի դաշնային դատարանը մեղադրել է 38-ամյա Ալի Սադր Նաշեմի Նեջադին Իրանի դեմ պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմին մասնակցելու համար:
Մեղադրանքի համաձայն՝ Սադրի ընտանիքին պատկանող Stratus Group ընկերությունը Վենեսուելայում Իրանի և Վենեսուելայի միջև կնքված համաձայնագրերի հիման վրա հազարավոր տների կառուցման նախագիծ է իրականացրել: Իրանական ընկերությունը 2006 թվականին 476 միլիոն դոլարի գործարք է կնքել վենեսուելական պետական էներգետիկ ընկերության հետ 7000 տուն կառուցելու առնչությամբ: Սադրը, որը եղել է նախագծի իրականացումը վերահսկող հանձնաժողովի անդամ, քայլեր է ձեռնարկել ամերիկյան տնտեսական պատժամիջոցներից խուսափելու ուղղությամբ՝ թաքցնելով իրանական կողմի դերն արևմտյան բանկային համակարգով ուղարկված վճարումներում:
Վենեսուելական ընկերությունը 115 միլիոն դոլարի վճարում է իրականացրել իրանական ընկերությանը՝ Շվեյցարիայում և Թուրքիայում կառույցների միջոցով՝ թաքցնելու համար իրանական կողմի դերը:










