Կացության իրավունք տրամադրելը պետության իրավունքն է, ինչո՞ւ ենք մարդուն տալիս պետության որոշումը բողոքարկելու հնարավորություն. Գևորգ Կոստանյան

13:01 • 22.03.18

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնց նպատակն է Հայաստանի նոր Սահմանադրությանը համապատասխան՝ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունը նախագահի փոխարեն վարչապետին վերապահելն է:

Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
 
Առաջակվում է նաև վերացնել հատուկ կացության կարգավիճակի տրամադրումը մերժելը բողոքարկելու արգելքը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ ինչո՞ւ են առաջարկում հատուկ կարգավիճակ տալու մերժումը բողոքարկել: Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ նախկինում նման դրույթ նախատեսված չի եղել, և դա բաց է: Կոստանյանը հարցրեց՝ հատուկ կարգավիճակ ունենալը մարդո՞ւ իրավունքն է, թե՞ պետության: Վ. Եղիազարյանը պատասխանեց՝ պետության:

Գևորգ Կոստանյանը շարունակեց՝ նշելով, թե այդ դեպքում, երբ որևէ պետություն մերժում է, օրինակ, վիզա տրամադրել, մուտքի թույլտվություն տալ, ինչո՞ւ բողոքարկում տեղի չի ունենում:

«Այդ հարցը առաջին ընթերցման ժամանակ ես ասել եմ: ԱՄՆ վիզա ստանալու համար երբ մերժում են, ոչ մի պարզաբանում չեն ստանում: Բայց խնդիրը նրանում է, որ մարդը հետագայում կարող է նպատակ ունի հատուկ կարգավիճակ ստանալ, և մարդուն պետք է պարզաբանվի, թե ինչու է մերժվել»,- պատասխանեց Վարդան Եղիազարյանը:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ կարող եք մերժել պարզաբանմամբ, կարող եք պարզաբանում անգամ չտալ:

«Բողոքարկման ինստիտուտը տրվում է քաղաքացուն, որ պաշտպանի իր իրավունքները: Նպատակը դա է: Քաղաքացին ունի ինչ-որ իրավունք, իր իրավունքը խախտվել է, և պետությունը տալիս է իրավունք, որ այն վերականգնվի:  Հատուկ կարգավիճակ տալը, մուտքի թույլտվություն տալը քաղաքացու իրավունքը չէ, պետության իրավունքն է: Մենք տալիս ենք բողոքարկման իրավունք, որ քաղաքացին իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նստած էր Վարդան Եղիազարյանի կողքին, մեկնաբանություն արեց, Կոստանյանն էլ հարցրեց՝ հուշո՞ւմ եք պատասխանը: Հանձնաժողովի նախագահը նորից հարցրեց՝ ինչո՞ւ է պետությունը տալիս մարդուն գոյություն չունեցող իրավունքը բողոքարկելու իրավունք:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ մուտքի արտոնագիր ստանալն ու կացության կարգավիճակ ստանալը նույն հարթության վրա չպետք է դիտարկել, որովհետև մուտքի արտոնագիր խնդրելու պարագայում անձը մեկ այլ երկրում է, իսկ կացության կարգավիճակի պարագայում անձը տվյալ պետության տարածքում է:

«Հիմա ես Հայաստանում եմ, Իրանի քաղաքացի եմ, դիմել եմ կարգավիճակ ստանալու, մերժվել եմ, ես պետք է վիճարկեմ սա»,- նշեց Մարուքյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։