ԱՄՆ-ում օդաչուին հաջողվել է գործի դնել խափանված շարժիչը՝ գետնից մի քանի մետր բարձրության վրա (տեսանյութ)

17:31 • 22.03.18

Ամերիկացի օդաչու Չադ Բարբերին հաջողվել է գործի դնել թռիչքի ժամանակ խափանված շարժիչը՝ գետնից մի քանի մետր բարձրության վրա։ Միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Բարբերն իր բիպլանով բարդ օդաչուական հնարքներ է իրականացնելիս եղել Ֆլորիդա նահանգի Կորալ Սփրինգս քաղաքում, երբ շարժիչը դադարել է աշխատել, և ինքնաթիռը սկսել է ընկնել։

Նշվում է, որ օդաչուն ուղղել է ինքնաթիռը դեպի ճանապարհ, որտեղ նա կարող էր վայրէջք կատարել, սակայն վերջին պահին շարժիչն, այնուամենայնիվ, աշխատել է, և Բարբերը շարունակել է թռիչքը։

«Կարող եմ ասել, որ տարիների թռիչքները նախապատրաստել են ինձ նման իրավիճակների, սակայն իրականում չես կարող նախապատրաստվել անսպասելի բանի՝ հենց այն պատճառով, որ այն անսպասելի է»,- ասել է նա։

Բարբերի խոսքով՝ իրեն հաջողվել է հանգստություն պահպանել, և հենց սա է օգնել իրեն ճիշտ որոշում կայացնել և ուղղել ինքնաթիռը վայրէջքի համար հարմար տեղանք։

«Հույս ունեմ, որ սա երբեք տեղի չի ունենա ինձ կամ մեկ ուրիշի հետ», - եզրափակել է օդաչուն։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: