Թրամփը պատրաստվում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Չինաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, գրում է BBC-ն:
Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև այլ միջոցներ:
Չինաստանն իր կողմից հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել պատժամիջոցներին:
«Չինաստանը չի պատրաստվում հանգիստ նստել ու թույլ տալ, որ իր օրինական իրավունքներն ու շահերը վնասեն: Երկիրը կնախաձեռնի անհրաժեշտ քայլեր՝ իր շահերը պաշտպանելու համար»,-ասվում է չինական կողմի հայտարարությունում:
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Չինաստանը պատրաստվում է իր կողմից մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սպիտակ տունը դիտարկում է մոտ 60 մլրդ դոլարի մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև այնպիսի քայեր, որոնք կխստացնեն Չինաստանում ներդրումներ անելու գործընթացը:
Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի դեմ բողոք ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներն այս կերպ փորձում է առավելագույն ճնշում գործադրել Չինաստանի և նվազագույն ճնշում՝ ամերիկացի սպառողների վրա:
Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ իրենք ապացույցներ ունեն առ այն, որ Չինաստանն ազնիվ չի գործում, խուսափում է արդյունաբերության՝ ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ անելուց, իրագործում ու աջակցում է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներին:










