Սարկոզին հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքներն իր կյանքը դժոխքի են վերածել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է ֆրանսիական դատախազության աշխատակիցներին, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներն իր կյանքը դժոխքի են վերածել, հայտնում է BBC-ն:
«Այդ զրպարտությունն իմ կյանքն իրական դժոխքի է վերածել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն մեղադրում են՝ չներկայացնելով որևէ ապացույց:
Սարկոզին հայտարարել է, որ իր լիբիացի մեղադրողները փորձում են վրեժ լուծել իրենից 2011 թվականին Մուամմար Քադաֆիի ռեժիմի տապալմանը հանգեցրած ապստամբության ժամանակ ֆրանսիական ռազմական ինքնաթիռներ կիրառելու իր որոշման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել արտասահմանից իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով:
Քաղաքական գործիչը հերքում է մեղադրանքները:
Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է Փարիզի արվարձանում՝ 2007 թվականի իր նախագահական արշավի՝ լիբիական իշխանությունների կողմից ֆինանսավորվելու գործի հետաքննության շրջանակում:
2012 թվականի գարնանը ֆրանսիական Mediapart պարբերականը փաստաթղթեր է հրապարակել, որոնցից հետևում է, որ լիբիական ռեժիմը նախկին նախագահի մերձավոր մարդկանց է փոխանցել 50 միլիոն եվրո:
Սպանված լիբիացի առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հայտարարել է, որ պատրաստ է ապացույցներ տրամադրել, որ իր հայրը ֆինանսավորել է Սարկոզիի քարոզարշավը:










