«Շերեմետևո»-ի բեռնակիրը ձերբակալվել է ուղեբեռից 56 հազար եվրո գողանալու համար

20:24 • 22.03.18

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի բեռնակիրը ձերբակալվել է ուղեբեռից 56 հազար եվրո գողանալու համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է РИА Новости-ն։

Վոլկը պատմել է, որ Մոսկվայի կոմերցիոն բանկերից մեկի ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ «Շերեմետևո»-ից Ղազախստան էր տեղափոխվում խոշոր գումար (մոտ 5 միլիոն եվրո)։ Ինքնաթիռի՝ նշանակման վայր հասնելուն պես պարզվել է, որ ուղեբեռում 56.500 եվրո է պակասում։

«Ոստիկանները գտել են գողության համար կասկածյալին ու ձերբակալել նրան աշխատանքի վայրում։ Մոսկվայի մարզի 28-ամյա բնակիչը, որն աշխատում է «Շերեմետևո» օդանավակայանում որպես բեռնակիր, չի հերքել իր մեղքն ու խոստովանել է արարքը։ Անհատական ստուգման ընթացքում նրա մոտ 10 հազար եվրո է հայտնաբերվել։ Գողացված գումարի մյուս մասը հայտնաբերվել է նրա բնակարանում»,–նշել է Վոլկը։

Ձերբակալվածի խոսքով՝ ուղեբեռն ինքնաթիռի սրահ բեռնելու ժամանակ ինքը դանակով բացել է փաթեթը և մի քանի կապոց թղթադրամ գողացել՝ հույս ունենալով, որ ոչ ոք չի նկատի։
Նշվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։