Թուրքիան չի պարտադրի սիրիացի փախստականներին հեռանալ երկրից. Չավուշօղլու

13:10 • 22.03.18

Անկարան չի պարտադրի սիրիացի փախստականներին հեռանալ Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Չավուշօղլուի խոսքով՝ սիրիացի փախստականները կվերադառնան «ահաբեկիչներից ազատագրված» Աֆրին կամավոր կերպով:

Արտգործնախարարը նշել է, որ չնայած նրան, որ «Աֆրինն ամբողջությամբ ազատագրվել է», քաղաքի ենթակառուցվածքները ոչնչացված են: Ըստ նրա՝ Թուրքիան առաջին հերթին կանցնի Աֆրինի ենթակառուցվածքների վերականգնմանը:


Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հայտարարել են Աֆրինի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին: 


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր սիրիական Աֆրին քաղաքում քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է: