Նստացույցս չեմ դադարեցնելու, սպասում եմ, որ Ազատության հրապարակ 1 մլն մարդ գա, իշխանությանը հեռացնենք. Վոլոդյա Ավետիսյան
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է մարտի 21-ից սկսած շուրջօրյա նստացույցն Ազատության հրապարակում և այն դադարեցնելու ցանկություն չունի:
Նրա` նստացույց սկսելու պատճառներից մեկը Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռն է, ինչպես նաև իշխանափոխության պահանջը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
«Ես նստացույցը չեմ դադարեցնելու, սպասում եմ, որ Ազատության հրապարակ 1 մլն մարդ գա և այս իշխանությանը վերջապես հեռացնենք»,- ասաց Ավետիսյանը:
Հարցին, թե իրատեսական համարում է, որ 1 մլն մարդ դուրս կգա Ազատության հրապարակ, Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Այո՛, ես հավատում եմ, որ այդպես է լինելու»:
Դիտարկմանը, թե արդեն 3-րդ օրն է՝ Ազատության հրապարակում է, սակայն այնտեղ ընդամենը մի քանի հոգի են, Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Տարբեր տեղերից գալիս են, մոտենում, իրենց աջակցությունը հայտնում, և 100-ից 50-ն ասում է, որ մեզ հետ է, մեր կողքին: Մարդկանց թիվը գնալով աճի միտում ունի»:
Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ մարզերից՝ Դիլիջանից, Վարդենիսից, Ապարանից և այլ վայրերից ևս այցելել են իրեն, հայտնել իրենց աջակցությունը:










