Դիրիժոր Դավիթ Հարությունյանը հրավիրվել է մասնակցելու Մեքսիկայում անցկացվող միջազգային փառատոնին
Էկվադորահայ դիրիժոր Դավիթ Հարությունյանը Մեքսիկայում կայանալիք Ռիկարդո Կաստրոյի անվան արվեստի և մշակույթի միջազգային փառատոնի ժամանակ կղեկավարի մեքսիկական նվագախումբը:
Ինչպես հայտնում է El Universo-ն, էկվադորյան Գուայակիլ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին փառատոնին մասնկացելու է հրավիրել մեքսիկական Դուրանգոյի քաղաքապետարանը:
«Ղեկավարելու եմ մեքսիկական նվագախումբը, որը կազմված է երկրի բոլոր նահանգները ներկայացնող 100 երաժշտից: Այն նման է Մեքսիկայի հավաքականին, որը կազմավորվել է ինձ համար և այս փառատոնին մասնակցելու համար», - ասել է հայազգի դիրիժորը:
Միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 24-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Դուրանգո քաղաքում:
Դավիթ Հարությունյանը ծնվել է 1965-ին Հայաստանում: 2002-ին տեղափոխվել է Էկվադոր, որտեղ 2012-ին մրցանակների է արժանացել մշակույթի ոլորտում նվաճումների և երաժշտարվեստում իր ներդրած ավանդի համար:










