Նպատակն է այս հարթակը դարձնել հայ դրամատուրգի տունը. կայացավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը (տեսանյութ)
Այսօր tatron-drama.am կայքի շնորհանդեսն էր, որի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի հայ դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի համար:
Հայ դրամատուրգին նման հարթակ տալու գաղափարն արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանինն է, որը նպատակ ունի այս հարթակը դարձել «հայ դրամատուրգի տունը»: Նա նշեց, որ հարթակի բացման շրջանը պատահական չի ընտրված, քանի որ մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է:
«Հիմքը 2000թ.-ից տպագվող «Դրամատուրգիա» ամսագիր է, որն արդեն իսկ 400-ից ավելի պիես է տպագրել: Ցանկանում ենք բեմադրիչների և թատերագիրների համար ընդհանուր հարթակ ստեղծել՝ նպաստելով երկուստեք ստեղծագործական հետաքրքրությանն ու հետագա համագործակցությանը»,- ասաց նա:
Դրամատուրգի խոսքով՝ սա դեռևս սկիզբն է, քանի որ հետագայում վիրտուալ մատենաշար է ստեղծվելու, լինելու են այնպիսի գործեր, որոնց մասին շատերը միայն լսել են: Միևնույն ժամանակ դրամատուրգը նշեց, որ, եթե ընթերցողն այցելի իրենց կայք և պարզապես ծանոթանա, թե ինչ է կատարվում թատերական աշխարհում, ապա ինքը կհամարի, որ իրենց առջև դրված խնդրը կատարված է:
Կարինե Խոդիկյանը ներկայացրեց կայքի վեբ-դիզայներին՝ նշելով, որ «գաղափարն իրենն է, իսկ բենզինը՝ վեբ-դիզայներ Նաիրա Վարդանյանինը»:
«Կայքը փորձել ենք սարքել հնարավորինս մատչելի, հնարավորինս տարողունակ ու բովանդակ, որպեսզի ցանկացած փնտրտուքի արդյունքում գտնեք Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Կայքում կարող եք գտնել նաև «Դրամատուրգիա» ամսագրի բոլոր համարները: Սա դառնալու է թատերական մեծ հարթակ»,- ներկայացրեց Նաիրա Վարդանյանը:
Կայքի բացման արարողությանը ներկա էին հայ անվանի թատերագիրներ դրամատուրգներ և ռեժիսորներ, որոնք փաստեցին, թե այս հարթակի անհրաժեշտությունն իսկապես առկա էր:
Մանրամասները՝ տեսանյութում:










