Ռեկորդային արդյունքով հաղթանակ է տարել գործող նախագահ Պուտինը. ՌԴ ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների արդյունքները
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մարտի 18-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է lenta.ru-ն:
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված արդյունքների՝ ռեկորդային ցուցանիշով ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը: Նա ստացել է 76,69 տոկոս ձայն:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված գործարար Պավել Գրուդինինը՝ 11,77 տոկոս ձայնով, երրորդ տեղը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,65 տոկոսով: Նրան հաջորդում է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության թեկնածու Քսենիա Սոբչակը՝ 1,68 տոկոս ձայնով:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,47 տոկոս:










