ԱՄՆ-ում ուժի մեջ են թողել Էրդողանի թիկնապահների նկատմամբ առաջադրված մեղադրանքները
Միացյալ Նահանգների իրավապահներն ուժի մեջ են թողել անցած տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում անկարգությունների առնչությամբ նրա անվտանգության ծառայության չորս աշխատակիցների դեմ մեղադրանքները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կոլումբիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել Էրդողանի այցի դեմ խաղաղ ցույց անող հայերին և քրդերին:
«Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայության չորս աշխատակիցների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այդ գործի շրջանակում Կանադայի երկու քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները նույնպես ուժի մեջ են մնում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:










