Մերկելը չի բացառել «Սկրիպալի գործի» առնչությամբ Ռուսաստանի դեմ «հետագա քայլերի» ձեռնարկումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ «հետագայում քայլեր կձեռնարկվեն»։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։
«Մենք վճռական ենք և պատրաստ նույնիսկ լրացուցիչ միջոցներով արձագանքելուն», - ասել է Մերկելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին։
Մերկելի խոսքով՝ ԵՄ երկրների ներկայացուցիչները երկար քննարկել են այս հարցը, սակայն «միաձայն եկել են եզրակացության, որ ամեն ինչ բարձր հավանականությամբ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կապված է թունավորման հետ և որ դրան ոչ մի այլ բացատրություն չկա»։
«Մոսկվայի դեմ հետաքա քայլեր ձեռնարկելու մասին որոշում կայացնելուց առաջ Բրյուսելը կսպասի Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման ժամանակ օգտագործված նյութի անալիզի արդյունքին», - եզրափակել է Մերկելը։
Հիշեցնենք, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










