Թրամփը ԵՄ-ին և մի շարք այլ երկրների ժամանակավորապես ազատել է մետաղների համար սահմանված մաքսատուրքերից
ԱՄՆ-ն ուրբաթ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար: Ցանկից բացառվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև մայիսի 1-ը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, հայտնում է AFP գործակալությունը:
Պողպատի համար մաքսատուրքերը կսահմանվեն 25 տոկոսի չափով, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոսի չափով:
«Մաքսատուրքերը, որոնց մասին հայտարարել է նախագահը, ուժի մեջ են մտնում 2018 թվականի մարտի 23-ի ժամը 00:01-ից»,- ասված է հայտարարությունում:
Մաքսատուրքերը ժամանակավորապես՝ մինչև մայիսի 1-ը, չեն սահմանվի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Մեքսիկայից, Կորեայի Հանրապետությունից, ինչպես նաև Եվրամիության երկրներից արտադրանքի համար:
Մինչ այդ ժամկետն ԱՄՆ իշխանությունները կքննարկեն «ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի վերացման համար ընդունելի երկարաժամկետ այլընտրանքային միջոցները»:
Մինչև 2018 թվականի մայիսի 1-ն ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով խորհրդակցությունները, կորոշի, թե արդյոք այդ երկրները կշարունակեն ազատվել մաքսատուրքերից: Եվրամիությունը բանակցություններ կվարի իր անդամ երկրների անունից, նշել են Սպիտակ տանը:










