Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը հետաքննող դատախազին

09:56 • 23.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ցուցմունք տալ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության գործի հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին:

«Այո՛, ես կցանկանայի»,-ասել է 71-ամյա ղեկավարն ի պատասխան այն հարցի, թե արդյոք ինքը կցանկանար ցուցմունք տալ Մյուլերին:

Ինչպես նշում է CNN-ը, Թրամփն այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայտնի է, որ Թրամփի հայտարարությանը նախորդել էր տեղեկությունը, համաձայն որի՝ աշխատանքից հեռացման դիմում է ներկայացրել նախագահի կարևորագույն փաստաբաններից մեկը՝ Ջոն Դոուդը: Ի դեպ, Դոուդն այն մարդն էր, որը մշտապես դեմ էր հանդես գալիս Թրամփի՝ Մյուլերի կողմից հարցաքննվելու առաջարկին:

Նշվում է, որ նախկինում Թրամփը միշտ բացասաբար է խոսել Ռուսաստանի հավանական միջամտության գործով ընթացող հետաքննության մասին՝ հերքելով իր ու ռուսական կողմի համագործակցության վերաբերյալ ենթադրությունները:

Հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզական հարցերով հանձնաժողովը մարտի 22-ին կայացած քվեարկությամբ պաշտոնապես վերջ է դրել ռուսական հավանական միջամտության գործով հետաքննությանը՝ փաստելով, որ օրենսդիրները որևէ ապացույց չեն գտել Թրամփի թիմի ու Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ: