Ֆրանսիայում պատանդներ վերցրած ահաբեկչի տանը ԻՊ-ի հետ առնչություն ունենալու ապացույց է հայտանբերվել
Ֆրանսիայի հարավում գտնվող տներից մեկում, որտեղ բնակվում էր նախօրեին սուպերմարկետի հարևանությամբ պատանդներ վերցրած Ռեդուան Լակդիմը, կտակ-նամակ է հայտնաբերվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ուղղված խոսքով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքին, հետախուզման ընթացքում քննիչները ձեռագիր նամակ են հայտնաբերել, որը որպես կտակ է գրվել և որում հղումներ են արվում «Իսլամական Պետությանը»:
Հիշեցնենք, որ ուրբաթ զինված միջադեպ էր տեղի ունեցել Օդ վարչական շրջանում, որտեղ 26-ամյա մարոկկացի Ռեդուան Լակդիմը պատանդ էր վերցրել սուպերմարկետի հաճախորդներին: Նա նաև հարձակվել է վարորդի վրա՝ վիրավորելով նրան և սպանելով նրա ուղևորին, այնուհետև վերցրել է նրա մեքենան ու վրաերթի ենթարկել վազքից վերադարձող անզեն հատուկջոկատայիններին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել հանցագործին:
Զոհերի ընդհանուր թիվը հասել է 4-ի: Նրանց թվում նաև ոստիկան կա, որը միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի հարավում ահաբեկչություն իրականացրած անձի անչափահաս ընկերը՝ ահաբեկչի հետ հանցավոր դավադրության կասկածանքով:










