Լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ արգելելն ավելի կոնֆլիկտային կդարձնի նիստերը. Ա. Հարությունյան

21:01 • 24.03.18

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները պարզապես վախենում են այն տեսանյութերից, որոնք շատ հաճախ հայտնվում են ավագանու նիստերի դահլիճում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ արգելելուն: 

«Իհարկե, դա ավելի կոնֆլիկտային կդարձնի ավագանու նիստերը, որովհետև ուղիղ եթերը փաստացի ապահովելու են քաղաքային իշխանությունները և բոլոր այն միջադեպերը, որոնք նախկինում ֆիքսում էին լրագրողները, այլևս չեն ֆիքսվի և հնարավոր միջադեպերի դեպքում պարզապես եթերը կանջատվի: Լրատվամիջոցներն զգալի սահմանափակում էին Հանրապետականներին ավագանու նիստերի դահլիճում»,- նկատեց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթերի սահմանափակման դեպքում լրագրողներն իրավունք են ունենալու մտնել դահլիճ «բայց քանի որ միջադեպերը 10-15 վայրկյան կամ 1 րոպե են տևում, լրագրողները նույնիսկ չեն էլ հասցնի գալ դահլիճ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն մարտի 23-ին փոփոխեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ կարգելվի։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են բացարձակապես նույն կանոնները, ինչ ԱԺ-ի պարագայում է։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Երևանի իշխանությունների գործելաոճի և լրագրողների գործունեության հնարավոր սահմանափակումների մասին Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախկինում հայտարարություն էր ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնել հնարավոր սահմանափակումների հետ կապված: Խմբակցությունն անգամ հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ քաղաքային իշխանություններին, քանի որ այդ գործելաոճը հակասում է «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքին:

«Մենք այս խնդրի հետ կապված հանդիպումներ ենք ունեցել Երևան քաղաքի իշխանությունների հետ և ասել, որ օրենք են խախտում: Իհարկե, նրանք սկզբում պնդում էին, որ օրենք չեն խախտում և ապահովում են հրապարակայնությունը՝ ուղիղ եթերներ ապահովելով: Փաստացի նրանք էլ ի վերջո հասկացան, որ օրենք են խախտում և Ազգային ժողովում հրատապ, ափալ-թափալ մեթոդներով՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի որոշ բացերից, երբ երկրորդ ընթերցմամբ միանգամայն նոր նախագիծ կարելի է բերել, բերեցին և շտապ անցկացրեցին այդ փոփոխությունը»,- ասաց նա:

Ավագանու «Ելք» խմբակցությունը օրենքի փոփոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ քննարկումներ դեռ չի անցկացրել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քննարկումը, հավանաբար, կլինի հաջորդ շաբաթվա սկզբին։ «Փորձելու ենք, իհարկե, օրենքի մեզ ընձեռված հնարավորությունների սահմաններում լուծել լրագրողների ներկայության հարցը ավագանու դահլիճում»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանը մտահոգիչ է համարում ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ առհասարակ ՀՀ գործող իշխանությունների գործելաոճը:

«Եթե իշխանությունների փաստարկները կարող են ինչ-որ չափով համոզիչ լինել կառավարության գործունեության լուսաբանման սահմանափակումների հետ կապված, ապա համայնքային ընտրված իշխանությունների կողմից նման սահմանափակումները պարզապես 100 տոկոսով անթույլատրելի են»,- ընդգծեց ավագանու անդամը: