Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որն առաջարկել էր զինված միջադեպի ժամանակ իրեն փոխանակել պատանդների հետ

12:15 • 24.03.18

Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը Twitter-ում։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի։


«Փոխգնդապետ Առնո Բելտրամը լքեց մեզ։ Զոհվեց հանուն Հայրենիքի։ Ֆրանսիան երբեք չի մոռանա նրա հերոսությունը, խիզախությունը, անձնազոհությունը»,- գրել է նախարարը։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ հայտնել էր, որ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, 16 մարդ վիրավորվել։


Մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առևանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղևորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։

Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարևան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է ևս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։


Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը հայտնել է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։