Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ նախօրեին տեղի ունեցած հարձակումների շարքի զոհերի
Փարիզի խորհրդանիշ հանդիսացող Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ նախօրեին Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած հարձակումների շարքի զոհերի։ Այդ մասին նշվել է աշտարակի թվիթերյան պաշտոնական էջում։
Լույսերը մարվել են տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առևանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղևորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։ Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարևան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է ևս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։
Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը հայտնել է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










